Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ. "ՌՈՍՏԵԼԵԿՈՄ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ "ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ" ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ


ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ.
01.03.2018

Մարտի 1-ին "Այբ" դպրոցում անցկացվող "Հաջողության Բանաձև" նախագիծը հյուրընկալել էր Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների՝ "Ռոստելեկոմ" Հայաստանի  գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանին և "Սինոփսիս Արմենիա" ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանին։
 
"Ռոստելեկոմ"-ի ղեկավարը վարպետության դասի ընթացքում հյուրերի հետ կիսվեց հաջողության իր բանաձևով՝ ներկայացնելով ՏՀՏ ոլորտում շուրջ 20 տարվա կուտակած իր փորձառությունը, բիզնեսի ստեղծման ու առաջխաղացման, ինչպես նաև հաջողության ճանապարհին դժվարությունները հաղթահարելու հմտություններով։
 
"Նախքան որևէ գործ սկսելը յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ դերակատարում է ցանկանում ունենալ՝ լինել վարձու աշխատակից, թե՝ հիմնադիր, և պատկերացնի սեփական տեղը համակարգում։ Յուրաքանչյուր կառավարիչ, գործարար հասնում է հաջողության` օգտագործելով սեփական մեթոդները, ունենալով սեփական երազանքներն ու տեսլականը և, եթե նայենք աշխարհի ամենահաջողակ գործարարների օրինակներին, ապա կարելի է նկատել, որ նրանցից յուրաքանչյուրը իր հաջողության կերտողն է, իր իսկ ուրույն ուրվագծով։ Դա է պատճառը, որ պետք է բաց լինել նորարարությունների և նորամուծությունների համար անկախ գործունեության ոլորտից ու տեսակից",- նշել է Հայկ Ֆարամազյանը։
 
Ֆարամազյանի խոսքով` չնայած, որ բիզնես վարելու ունիվերսալ կանոններ չկան, սակայն կան բիզնեսի կայացման որոշակի փուլեր:
 
Ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ բիզնեսի կայացման առաջին կարևոր փուլը հենց բիզնեսի գաղափարի մշակումն է, որի ընտրության ժամանակ պետք է երազել, ունենալ ոգեշնչող, բայց միևնույն ժամանակ նաև իրագործելի գաղափարներ։
 
Սեփական ընկերության զարգացման հերթական փուլերում անհրաժեշտ է ձևավորել բիզնեսի զարգացման իրատեսական ու կշռադատված ռազմավարություն, ձևավորել վստահելի և պրոֆեսիոնալ անձնակազմ, ստեղծել պայմաններ նրանցից յուրաքանչյուրի համար, որպեսզի աշխատակիցներն իրենց հարմարավետ զգան ընկերության էկոհամակարգում:
 
Խոսնակի կողմից մատնանշված հաջորդ կարևոր փուլերից մեկը՝ կայունացման գործընթացն է, որի ընթացքում անհրաժեշտ է չկորցնել իրականության զգացումը, երբ ամեն ինչ լավ է, և անընդհատ ընդլայնվելուն չձգտել, քանի որ ընկերությունը կարող է անդունդում հայտնվել՝ տարված խոշորացման ու զարգացման մոլուցքով:
 
Այս ամենով հանդերձ՝ հեռահաղորդակցության ոլորտի ամենադինամիկ զարգացող ընկերության ղեկավարը նշեց, որ միշտ պետք է պատրաստ լինել խնդիրների ու խոչընդոտների և առանց ավելորդ էմոցիաների շարժվել առաջ, գաղափարակիցների ու գործընկերների աջակցությամբ վստահ հաղթահարել բոլոր մարտահրավերները: