Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ


18.05.2020

muzrusart

2020 թ. մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, «Ռոստելեկոմ» Հայաստանի աջակցությամբ տեղի ունեցավ Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) պաշտոնական վեբ-կայքի շնորհանդեսը՝ rusartmuseum.am (http://www.rusartmuseum.am/): Շնորհանդեսը կայացավ այս օրերին ամենաարդիական տարբերակով՝ առցանց՝ Zoom հարթակի միջոցով:

Առցանց շնորհանդեսին ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, «Ռոստելեկոմ» Հայաստանի Արտաքին կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի մամլո քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը, «Վեբ Աբրիկոտ» ընկերության տնօրինությունը:
«Շնորհավորում եմ բոլորիս՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: 2016թվականից ի վեր թանգարանը չուներ պաշտոնական վեբ-կայք և պատահական չէ, որ այսքան տարիների աշխատանքից հետո հենց այս օրը տեղի ունեցավ թանգարանի կայքի շնորհանդեսը: Կայքն ունի այն բոլոր նորարարությունները, որոնք պահանջում են այսօրվա թանգարանները՝ անդամակցության, առցանց խանութի, կրթական ծրագրերի, ինչպես նաև առաջիկայում առցանց խաղերի հնարավորությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աջակիցներին՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- նշեց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:
«Ռոստելեկոմ»-ի աջակցությունը թանգարանի վեբ կայքի ստեղծմանը յուրօրինակ է, քանի որ համագործակցության արդյունքում ընկերությունը իր հավատարիմ հաճախորդների համար թանգարանից ձեռք է բերել տոմսեր, և վաճառքից ստացված ողջ գումարը ուղղվել է կայքի ֆինանսավորմանը:
««Ռոստելեկոմ» ընկերության և Ռուսական արվեստի թանգարանի համագործակցությունը շուրջ 4 տարվա պատմություն ունի, և այս տարիների ընթացքում ընկերությունը հնարավորինս աջակցել է թանգարանին ինչպես կրթական ծրագրերի՝ արվեստը բոլորին հասանելի դարձնելու նպատակով, այնպես էլ տեխնոլոգիաները արվեստի ոլորտում կիրառելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջապես թանգարանը ունի պաշտոնական վեբ-կայք, որի միջոցով հնարավոր կլինի առավել մեծ թվով այցելություններ ներգրավել՝ արդեն նաև առցանց տարբերակով»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի արտաքին կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը:
Նոր կայքը եռալեզու է` կազմված 7 բաժիններից և 14 ենթաբաժիններից, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ թանգարանի պատմությանը, հավաքածուին, հեղինակներին, կրթական և ցուցահանդեսային գործունեությանը և այլն: Վիրտուալ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մշտական ցուցադրությանը, իսկ հետազոտողները «Շտեմարան» ենթաբաժնի միջոցով կարող են ուսումնասիրել թանգարանի թվայնացված ողջ հավաքածուն:
«Շնորհավորում եմ Ռուսական արվեստի թանգարանին՝ պաշտոնական վեբ-կայքի թողարկման կապակցությամբ: Հաճելի է, որ կայքը ստեղծվել է դասական կերպարվեստի թանգարաններին բնորոշ ոճով: Վստահ եմ՝ այն շատ կօգնի՝ առաջիկայում թանգարանը առավել հանրաճանաչ դարձնելու ճանապարհին»,- իր խոսքում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:
Կայքում առանձին էջ հատկացված է թանգարանին անդամակցել ցանկացողների համար, իսկ հուշանվերների սիրահարները «Թանգարանային խանութ» բաժնի միջոցով կարող են ծանոթանալ հուշանվերային արտադրանքի հետ: «Կրթական ծրագրեր» բաժինը դպրոցականներին և մեծահասակների ծանոթացնում է թանգարանի կողմից առաջարկվող ինտերակտիվ խաղ ծրագրերին:
«Մեր օրերում շատ կարևոր է ունենալ կայք՝ առցանց ներկայություն: Այն հնարավորություն է տալիս 0+ տարիքի բոլոր մարդկանց այցելել թանգարան՝ վայելելու այն ամբողջ հմայքը և արժեքները, որոնք ներկայացված են թանգարանում: Համոզված եմ, որ կայքի միջոցով հնարավոր կլինի ներկայանալ ոչ միայն լոկալ, այլ նաև գլոբալ աշխարհում»,-նշեց ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղար Սիրանուշ Գյուրջինյանը:
Կայքը հնարավորություն կտա թանգարանին՝ նոր լսարաններ ներգարավելու: Այն լավագույն այցեքարտն է միջազգային համագործակցության համար:
«Շատ ուրախ եմ, որ այս երկար աշխատանքը վերջապես տվեց իր արդյունքը: Այժմ թանգարանի դռները բաց են ամբողջ աշխարհի առաջ, և յուրաքանչյուր ոք կարող է մուտք գործել կայք և ծանոթանալ արժեքավոր ցուցանմուշներին, զգալ այդ հաճույքը՝ հաղորդակցվելով արվեստի հետ»,-նշեց «Վեբ Ապրիկոտ» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եփրեմյանը:
Կայքի շնորհանդեսի մասին համառոտ տեսանյութը տեղադրված է ընկերության պաշտոնական ֆեյբուքյան էջում: (https://www.facebook.com/rtarmenia/videos/1108972972794695/)

Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)

Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) ՊՈԱԿ-ը գործում է մայրաքաղաքում ավելի քան 36 տարի: Այս գողտրիկ թանգարանը, տեղակայված լինելով Երևանի մշակութային կենտրոնում, համապարփակ կերպով այցելուին է ներկայացնում 19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող կերպարվեստի ընտրանի:
Թանգարանում ցուցադրված են համաշխարհային անուն ունեցող ռուս հեղինակների՝ Վ. Սերովի, Կ. Կորովինի, Մ. Վրուբելի, Ա. Արխիպովի, Բ. Գրիգորևի, Մ. Նեստերովի, Ալ. Բենուայի, Ե. Լանսերեյի, Ռ. Ֆալկի և այլոց գործերը: